«Կարգին Հայկոյից փորձեք վերածվել քաղաքապետի»․ Աղեկյանը կրկին կեղտաջուր է տարել Մարությանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու իր թիմակիցները հերթական բողոքի ակցիան են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Աղյուսագործների փողոցի մի քանի բնակիչների կոյուղաջրերի խնդրով դիմել էին ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, վերջինս էլ խողովակաշարից վերցրած կոյուղաջուրը դույլով բերել էր Երևանի քաղաքապետարան՝ փոխանցելու Հայկ Մարությանին։

«Բազմիցս կոչ արեցինք, որպեսզի քաղաքապետը գա ու և խնդրին տեղում ծանոթանա, ինչպես, որ խոստացել էր քվե աղերսելիս: Այստեղ մենք արձանագրում ենք, որ մեզ պարտադրված Երևանի քաղաքապետը չի կարող կատարել իր լիազորությունները, չնայած մենք դա նրան 81 տոկոսով լիազորել ենք:

Պարոն քաղաքապետը ուրբաթ օրը տեսել է, որ խնդիրը առկա է: Կանչում ենք պատկան մարմիններին, թե ինչպես պետք է կոյուղաջուրը հասցնենք քաղաքապետին: Անցած անգամ, երբ բերել էինք կոյուղաջուրը, քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը թափեց այդ կոյուղաջուրը»,-ասել է Սոնա Աղեկյանը:

Բնակիչներն իրենց հերթին ասել են, որ քաղաքապետարանը իրենց նամակներին չի պատասխանում, ընդունելություն չի անում:

«Պարո՛ն Կարգին Հայկո, այս հարցն էլ չի լուծվում, ինչպես աղբի ու սանմաքրման հարցն է, ինչպես մյուս խնդիրները լուծում չեն ստանում: Մենք ականատես ենք լինում, որ դուք միայն քանդում եք: Քանդում եք սրճարաններ, որոնք տարիներ ի վեր եղել են, մինչդեռ մենք ունենք քանդված սրճարաններ, որոնք դուք կարող էիք կառուցել ու կանաչապատել:

Պարո՛ն քաղաքապետ, եղե՛ք ականջալուր երևանցիների խնդիրներին, Կարգին Հայկոյից գոնե փորձեք վերածվել քաղաքապետի. հասկացանք՝ կարգին քաղաքապետի մասին խոսելն ավելորդ է, գոնե սովորական քաղաքապետի՝ քաղաքապետ, որին քաղաքացիները կարող են դիմել ու խնդիրների լուծում ստանալ»,-ասել է Սոնա Աղեկյանը: