Իտալիայի վարչապետը հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն սենատում հայտարարել է, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում կներկայացնի։ Այս մասին գրում է Il Post-ը: 
 
«Համակ ուշադրությամբ կլսեմ այսօրվա բոլոր ելույթները, սակայն մտադիր եմ ավարտել այս քաղաքական անցումը՝ հայտարարելով, որ նիստից հետո կուղևորվեմ հանրապետության նախագահի մոտ և նրանից ազատման թույլտվություն կխնդրեմ»,- ասել է Կոնտեն: Նրա ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով: Նշենք, որ Իտալիայի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է երկրի նախագահին:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիան, որը կազմված էր «Հինգ աստղ շարժում» և «Լիգա» կուսակցություններից, իր գոյությունը դադարեցրել էր օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ «Լիգա» կուսակցության առաջնորդ և երկրի փոխվարչապետ Մատտեո Սալվինին հայտնել էր Կոնտեին իր կուսակիցների հետ ունեցած լուրջ տարաձայնությունների մասին և պահանջել հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնել:

Կոնտեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատասխանատվությունը Սալվինիի վրա էր բարդել և պահանջել, որ վերջինս բացատրի իտալացիներին կառավարության աշխատանքների դադարեցման պատճառը:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news