«Իմ քայլի» պատգամավորներ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

քաղաքական

Օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մեր պետության, երկրի շահերից է բխում, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի:

Վարչապետի տեսակետը, սակայն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ոչ բոլորն են կիսում: Պատգամավորների մի մասն Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի առաջին օրերին, դեռևս մինչև վարչապետի հայտարարությունն իրենց տեսակետը հայտնել էին և շարունակում են մնալ նույն կարծիքին՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի:

«Միանշանակ, դեմ եմ, որովհետև հանքի շահագործումը չի կարող մեր երկրի վրա որևէ դրական ազդեցություն ունենալ: Եվ այն, որ տնտեսական զարգացման կամ այլ բաների մասին է խոսվում, ասեմ, որ հանքի հետևանքով շատ ավելի մեծ կորուստներ են լինելու, քան շահույթը: Չնչին շահույթը պետությանն է, իսկ առավելագույնը՝ սեփականատիրոջը»-24News-ի հետ զրույցում ասաց  իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ճշտմանը, թե միանշանակ, դեմ է՝ անկախ այն հանգամանքից, որ ընկերությունը կարող է փաստարկներ ներկայացնել, որ անվտանգ է հանքի շահագործումը, Հովսեփյանն ասաց՝ «Այո, միանշանակ, որովհետև մեր երկիրն ունենալու է թափոնների կույտ, աղտոտված օդ, ջուր, փոխարենը չնչին գումարներ, իսկ Լիդիան ընկերությունն ունենալու է գերշահույթ, ինչն առհասարակ, անընդունելի է: Մեր աչքի առջև է Թեղուտի հանքը, Քաջարանը և մնացյալը. հանքարդյունաբերողը 99 տոկոս շահույթ է ստանում, 1 տոկոս՝ պետությունը»:  Պատգամավորն ասաց, որ եթե ԱԺ-ում էլ քննարկում լինի, ինքը պնդելու է իր տեսակետը:

ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ վերահաստատեց՝ դեմ է հանքի շահագործմանը: Նա թեմայի վերաբերյալ գրառում էր արել ֆեյսբուքում օգոստոսի 19-ին՝ շեշտելով. «Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։ Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը»։

«Իմքայլական» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ հանքի շահագործմանը դեմ արտահայտվող օրենսդիրներից է: Նա ևս այդ մասին արտահայտվել էր ֆեյսբուքյան տիրույթում օգոստոսի 17-ին: «Եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։ Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է»-նշել էր պատգամավորը։

Այսօր մեզ հետ զրույցում Զոլյանն ասաց, քանի որ արձակուրդում է գտնվում, չի ցանկանում մեկնաբանություն տալ, բայց տեսակետը չի փոխվել:

Հանքի շահագործմանը դեմ է նաև պատգամավոր Էդգար Առաքելյանը: Այդ մասին նա նշեց մեզ հետ զրույցում՝ վկայակոչելով օգոստոսի 17-ի ֆեյսբուքյան իր գրառումը: Առաքելյանը 2 հարց էր ուղղել ՔՊ վարչության իր ընկերներին՝ նշելով, «թե արդյո՞ք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանմանը, էլ չենք խոսում նրա մասին, թե արդյո՞ք այն միջազգային է, թե պարզապես օտարերկրյա»:

Պատգամավորը հարց էր ուղղել նաև, թե արդյո՞ք բոլորը կարդացել են Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը և համոզվել, որ Սևանի, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար հանքի շահագործումն անվտանգ է:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ օգոստոսի 19-ին «Իմ քայլը» խմբակցության՝ վարչապետի հետ հանդիպումից հետո Ֆեյսբուքում գրել էր, որ զեկույցի հետ կապված իր մտահոգությունները չփարատվեցին և ինքը մնում է իր դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է՝ կոնկրետ, առավել ևս շահագործելու, որոշում կայացնելու համար։

Պատգամավոր Գայանե Աբրահամյանը 5 օր առաջ գրառում է արել թեմայի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն: Այժմ նա չի ցանկանում մեկնաբանություն տալ՝ սպասելով Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությանը:

Իմ քայլի մեկ այլ պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, 24News-ին ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, «բայց այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: Եվ այժմ, ըստ իշխանական օրենսդրի,  պետք է սպասել պատկան մարմինների վերջնական փորձագիտական եզրակացությանը:

Պատգամավոր Արման Բոշյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենսդրության սահմաններում պետք է խնդիրը լուծվի: Եթե կան խախտումներ, ապա դրանք պետք է քննվեն և մանրամասն ներկայացվեն հանրությանը: Ըստ պատգամավորի՝ սա ըստ ճաշակի լուծելու հարցերի շարքից չէ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ. պարզել՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

Հոդվածը պատրաստեց Մերի Մարտիրոսյանը