Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի. Մարգարիտ Եսայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառումը նա վերնագրել է՝ «Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի».

«Դիտեցի Փաշինյանի լայվը և խղճացի նրան, մարդ, ով տարիներ շարունակ հասարակությանը «կերակրել է» օրվա իշխանությունների չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների և այլ չար բաների մասին հեքիաթներով, այսօր դարձել է ինքն իր ասածների թիվ մեկ հերքողը:

Ամուլսարի կաշառքով լիցենզիաների մասին էր խոսում, հիմա պարզվեց, որ չի եղել ոչ մի կաշառք և ոչ մի կեղծ լիցենզիա, բնապահպանությունից էր խոսում, հիմա պարզվեց, որ չկա նման խնդիր: Ավելին, դեռ մի հատ էլ ինքն իր ձեռքով պետական բյուջեից 400․000 դոլար մսխեց դա ապացուցելու համար։

Իսկ օրերս Նիկոլը հրահանգեց փակել Բաղրամյան 19-ի դարպասները «հպարտ» քաղաքացիների առաջ ու ոստիկանական բիրտ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար։ Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի և ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչն անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի և դա կարևոր է մեր պետության համար, ասում ես՝ չկա ոչ մի բնապահպանական խնդիր և այլն։

Եզրահանգում՝ մենք, նախկին իշխանությունը, ճիշտ էինք մեր որոշումներում, չկար դրանցում ոչ մի կոռուպցիոն գործարք, չկար ոչ մի կեղծ լիցենզիա և չարաշահում, և դու, Նիկոլ-վարչապետ, քո ընդդիմադիր գործունեության ընթացքում մարդկանց խաբել ես ստով ու կեղծիքով, տարիներ շարունակ մարդկանց մանիպուլացրել ես և եկել իշխանության։ Եթե մենք, որպես նախկին իշխանություն, կոռումպացված էինք, ինչպես ժամանակին կոկորդդ էիր պատռում, գոռալով այդ մասին, ուրեմն՝ դու ևս կոռումպացված ես, որովհետև այսօր նույն որոշումն ընդունեցիր, ինչ նախկին իշխանությունը: Ու սա այն դեպքն է, որ այս երկընտրանքի մեջ չկա քեզ համար չարյաց փոքրագույն, քանզի ինքդ ես չարիք դարձել երկրի համար», - գրել է Մարգարիտ Եսայանը։