Բռնցքամարտի հավաքականը չի կարող մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը.Ա. Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտնել է, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ դա ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի արդյունքում է եղել:

«Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը:

Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ, որը փաստացի, վիճակագրական թվերի տեսքով, այս տարի Հայաստան է բերել աննախադեպ քանակի մեդալներ Եվրոպայի առաջնություններից՝4 ոսկի,5 արծաթ եւ 8 բրոնզ։

Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել:

Իսկ եթե սա արշավ է իմ անձի դեմ, բայց չկա խիզախություն դրա մասին պարզ խոսելու, ապա մի բան կասեմ արդեն որպես նախկին մարզիկ:

Ուշքի էկեք: Մենք կգանք - կգնանք, մեզ կնշանակեն կամ կընտրվենք մի քանի տարով, բայց մարզիկի կյանքում, առանց այդ էլ կարճ կարիերայի պայմաններում, նման պահերը կլինեն անդառնալի»,-իր գրառման մեջ նշել է Գևորգյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս