Եթե վարչապետի որոշումը տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, մանդատս վայր կդնեի․ Թունյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ նշելով, որ Ամուլսարի հարցով հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, քանի որ ժողովուրդը երբեմն կարող է սխալվել։ Գրառումը՝ ստորև․

«Որպեսզի հարցեր չմնան

Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ՝ մինչև վերջ կարդացեք, եթե կարդալու եք։

Ուրեմն իմ ամբողջ  գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև, թեկուզև ամբողջական ինֆորմացիա չունենալով, հասկացել եմ, որ լինում են պահեր, երբ պիտի վատի և վատագույնի միջև ընտրություն կատարել, ու այդ որոշման հետևանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։ Անկեղծ ասեմ, եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել եմ նաև նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարևոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատություններիս մեջ եղել եմ զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ (ասում եմ՝ հասկանալով, որ ոմանք այս ամբողջ տեքստից հենց այս նախադասությունը կֆիքսեն ու կսկսեն շահարկել)։

Վերջին 6 ամիսը, արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր և առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։
Լինի դա ցեմենտի պետտուրքի, հարկային օրենսգրքի կամ մեկ այլ հարցում... Երբ հասկանում ես, որ օրենքի մեջ մեկ տառ կամ մեկ թիվ փոխելդ ազդում է հարյուր հազարավոր մարդկանց կյանքի մակարդակի վրա։ Ու դրան գումարած՝ երբ որևէ անձնական շահ չունես, բայց գիտես, որ ցանկացած դեպքում լինելու են դժգոհ կողմեր, շահարկումներ ու քեզ վերագրելու են մեղքեր, որոնց մասին դու անգամ չես էլ մտածել։
Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաև այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա և կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որևէ շահեր։

Հիմա գանք Ամուլսարին։

Ամենաառանցքային հարցերից մեկն է։ Մի կողմից կան բնապահպանական ռիսկեր, մյուս կողմից՝ տնտեսական։ Կողքից էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Ու այս հարցում որոշում կայացնելը բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում։
Հասկանալու համար, թե որքան մեծ է պատասխանատվությունը, նկատի ունեցեք, որ վարչապետին 1 տարուց ավելի ժամանակ պահանջվեց իրավիճակն ամբողջությամբ հասկանալու, երևացող ու չերևացող ռիսկերը վերլուծելու համար։

Ու վարչապետը պատրաստ է որոշում կայացնել։

Կարծում եմ չեք վիճի, որ նա այս հարցում ամենակոմպետենտ մարդն է, և պաշտոնի բերումով՝ տիրապետում է ամբողջ ինֆորմացիային։

Մեկ գրամ չեմ կասկածում, որ նա նաև որևէ անձնական շահ չունի և ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է, եթե չասեմ օգուտ, ապա գոնե նվազագույն վնաս ենթադրողը։

Հիմա կողքից ասում են՝ ՀԱՆՐԱՔՎԵ արեք։

Եկեք անկեղծ լինենք. պատասխանատվություն վերցնելուց վախեցող ցանկացած իշխանության համար ամենահեշտ տարբերակը հանրաքվեն է։ Որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետևանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։
Ինքս ունեմ իմ մոտեցումը Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։

Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա որոշում կայացնելու հարցում, քան ես։
Բայց հանրաքվեն էլ տարբերակներից մեկն է։

Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը։
Ու սա ոչ թե պաթետիկ հայտարարություն է, այլ գիտակցված՝ հստակ պատկերացնելով նրա կոմպետենտությունն ու անկողմնակալությանը։

Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարևոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը։

Այսքանը։

Հավատացեք, ընտրողներին դուր գալու ձևերը, պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ։ Բայց ես եկել եմ ԱԺ Փաշինյանի ստացած քվեով, ու նպատակս ոչ թե հաջորդ անգամ ամեն գնով ընտրվելն է, այլ ճիշտ, թեկուզև ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուն նպաստելը»։