Տնտեսության մեջ 400 մլն դոլարի ներդրում է արվում. կողմ ենք Ամուլսարի շահագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Տնտեսական

«Հանրապետություն» կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային եւ բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն եւ հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, եւ մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլեւ գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սեւ, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու։

Ավելին՝ «Հանրապետությունը» համարում է, որ պետությունը պետք է նշված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40%-ը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա եւ ապագայում ձեւավորվելիք արտադրական ընկերություններին։ Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել եւ բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել։

«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրրավվածություն ունի Ամուլսարի խնդրում: Դա է իրական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային իմիջին եւ ոչ թե քարոզվող բնապահպանական խնդիրները։ 

21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել ու կանխել բնապահպանական ռիսկերը:

Եվ ընդհանրապես ռիսկը, ոչ միայն սահմանին կանգնած զինվորինն է, այլեւ որոշակի առումով մեզնից յուրաքանչյուրինը, եթե ուզում ենք, իհարկե, չպարտվել այս պատերազմում, առավել եւս երբ արդեն հաղթել ենք։ Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են անում ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետեւանք է ունենալու:

Կա այլ առաջարկ նաեւ՝ Ամուլսարը մնում է սար, տնտեսական պատասխանատվություն չունեցող բնապահպան ակտիվիստները հաղթում են, բայց այդ դեպքում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սպառողական զամբյուղի, բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացումից, պրոֆեսիոնալ բանակի անցնելուց, նոր զինատեսակներից, ապահով սահմանային ինժեներական կառույցներից ու տնտեսական հեղափոխությունից խոսելը անիմաստ է, որովհետեւ ներդրումներ եւ արտարժույթ ներգրավելու այլ ստաբիլ տարբերակ մենք ուղղակի չունենք։

Վերջիվերջո Հովհանես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսը ժողովրդական, բայց դրական կերպար չէ։ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Ամուլսարը մեր հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին: