Հնարավոր չէ մինչև վերջ չեզոքացնել Ամուլսարի հանքի շահագործման վտանգը․ «Ազգային Օրակարգ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

բակո

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ և հակասական խնդիր է, որը երկար ժամանակ բևեռացրել է մեր հասարակությանը, իսկ վերջին շաբաթվա ընթացքում հատուկ սրություն է ստացել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակցությունը հայտնեց հանքավայրի հետագա շահագործմանը՝ հիմք ընդունելով ELARD ընկերության կողմից պատրաստված զեկույցը, այնտեղ տեղ գտած բնական միջավայրի վրա ազդեցության մեղմման վերաբերյալ առաջարկությունները, և Lydian Armenia ընկերության կողմից այդ առաջարկությունների մեծ մասի ընդունումը։

Այս կապակցությամբ «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարում է հետևյալը․

1. Մեր երկրում հանքարդյունաբերությունը ավանդական ոլորտ է, այն ներկայումս ապահովում է համախառն բյուջետային եկամուտների մոտ 9%-ը, և մոտ ապագայում տնտեսական այլընտրանք դեռևս չունի։ Միևնույն ժամանակ, անցյալում և հաճախ նաև ներկայումս կիրառվող հանքարդյունաբերական պրակտիկան բերել է շրջակա միջավայրի, և հանքերի հարևանությամբ գտնվող համայքների համար անշրջելի կորուստների, և դարձել է հասարակական արդարացի դժգոհության աղբյուր։

2. Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ծրագրերի նկատմամբ բնապահպանական պահանջները պետք է խստացվեն և այսուհետև խստագույնս կիրառվեն, դրանց գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը հասցվի նվազագույնի, իսկ այն ձեռնարկությունները, որոնք չեն բավարարում սահմանված պահանջներին, պետք է հնարավոր սեղմ ժամկետներում իրականացնեն համապատասխան բնապահպանական միջոցառումները։

3. Ամուլսարի հանքավայրի դեպքում, խնդիրը ոչ միայն բնական միջավայրի վրա բացասական ազդեցությունն է, որը բոլոր դեպքերում հնարավոր չէ մինչև վերջ չեզոքացնել, այլև առողջարանային Ջերմուկ քաղաքի և նրա հանքային ջրերի, Հայաստանի գինիների գլխավոր շտեմարան հանդիսացող Արփա գետի հովտի, և մասամբ նաև Որոտան գետի հովտի բնակավայրերի համար ստեղծվող իրական և նաև հանրային ընկալման ռիսկերը, և համապատասխան տնտեսական վնասը, որը չի հաշվարկվել ոչ նախկին, ոչ էլ ներկա կառավարությունների կողմից, և չի համադրվել հանքավայրի շահագործումից ակնկալվող տնտեսական օգուտների հետ, առավել ևս, որ այս հանքավայրի շահագործումը տևելու է ընդամենը 10 տարի, իսկ հնարավոր վնասները կարող են շարունակվել բազում տասնամյակներ։

4. Մինչև Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին վերջնական որոշում ընդունելը, ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի համապատասխան համապարփակ ազդեցությունների գնահատական, և դիտարկի հանքավայրի շահագործման ներկայումս ընդունված տեխնոլոգիական սխեմայի հնարավոր այլընտրանքները, առավել ևս, որ ELARD ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ այն երկրաբանական և ջրաբանական մոդելները, որոնք կիրառվել են Lydian Armenia ընկերության կողմից, եղել են թերի և պարզեցված, և դրանց հիման վրա իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցությանը գնահատականը մինչև վերջ վստահելի չի։

5. Մասնավորապես, ի թիվս այլ հնարավոր լուծումների, պետք է դիտարկել հանքավայրը բաց եղանակով շահագործումից հրաժարվելու, փոխարենը ստորգետնյա, պակաս ռիսկային տարբերակով այն շահագործելու տեխնիկա-տնտեսական հնարավորությունը, որը զգալի չափով կարող է նվազեցնել բնական միջավայրի վրա բացասական ազդեցության հիմնական տարրերը՝ մասնավորապես, թթվային ապարների դրենաժը, պայթեցումներից առաջացող աղմուկը, վնասակար արտանետումները և փոշին, ինչպես նաև առնվազն երեք անգամ կրճատել արդյունահանվող և մակերևույթին պահեստավորվող դատարկ ապարների ծավալները։

6. ՀՀ Կառավարությունը, որպես ծայրահեղ միջոց, պետք է դիտարկի նաև խելամիտ պայմաններով հանքավայրի հետգնման, ներդրողի կողմից իրականացրած ծախսերի արդարացի և փոխադարձ ընդունելի հատուցման տարբերակը, այն դեպքում, եթե հանքավայրի հետագա շահագործումը իրապես հակասի Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ տնտեսական և բնապահպանական շահերին, և հնարավոր չլինի գտնել շահագործման այնպիսի տեխնիկական տարբերակ, որը երաշխավորված նվազագույնի հասցնի բնական միջավայրի և շրջակա համայնքների վրա բացասական ազդեցությունը»։