Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Հասարակություն

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Դեռևս նախորդ տարի՝ օգոստոսի 10-ին, Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակվել էր համալիր դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Մենք հետաքրքվել էինք, թե արդյոք մեկ տարի անց փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն և այդ տվյալների հիմա վրա հնարավո՞ր է արձանագրել, որ Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով:

«Տրդատ Խաչատրյանը համաձայն դատաբժշկական, ստացիոնար դատահոգեբանական և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացության, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ինչ վերաբերում է Տրդատ Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից օրինական կերպով ազատված լինելու հարցին, ապա այն ենթակա է գնահատման քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ընթացքում»,- ասված է հարցման պատասխանում: Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ գործով նախաքննությունը շարունակվում է:

Հասարակություն

 

Տրդատ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, թե ինչպես է ստացվել, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի պարտադիր զինծառայության համար:

«Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»,- գրել էր Տրդատ Խաչատրյանը:

Իր նամակում Խաչատրյանը գրել էր նաև, որ դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, որից հետո իր առողջական վիճակում բարելավում է նկատվել, նաև ընդգծել՝ անկախ փորձաքննության արդյունքներից պատրաստ է ծառայել ԶՈՒ-ում:

Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ևս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգվում են նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:

ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցվել: ԱԺ գործող պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն մեղադրանք է առաջադրվել զինծառայությունից խուսափելու դեպքով: Մեկ այլ քրեական գործում ներգրավված են Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին: Զինվորական դատախազություննուսումնասիրել է ժամկետային զինծառայությունից առողջական պատճառով ազատված կամ տարկետում ստացած 363 զորակոչիկների՝ այդ թվում նախկին ու ներկա պաշտոնատար անձանց որդիներ անձնական գործեր: Հարուցված բոլոր գործերը առնչվում են հիվանդության սիմուլյացիայի կամ խաբեության ճանապարհով զինծառայությունից ազատվելուն:

Նկատենք նաև, որ մենք իրավապահ մարմիններից տեղեկություն էինք խնդրել գործող պաշտոնյաների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականության ստուգումների մասին, սակայն թե՛ Դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն, և թե՛ Ոստիկանությունը, ըստ իրենց պատասխանների, կաշկանդված են գործող պաշտոնյաների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը ստուգելու հարցերում՝ չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանը վստահեցրել է՝ իր հանձնարարականով ստուգվելու են նաև Կառավարության՝ զինծառայությունից ազատված պաշտոնյաների անձնական գործերը: