Նիկոլը կրկնում է անցյալի սխալները. կարմիր գծից մեկ մետր անդին

Նիկոլ Փաշինյան

Քննադատությունն ու ավանտյուրիզմը տարբեր երևույթներ են։ Քննադատության մեջ կան, իհարկե, սուբյեկտիվիզմի տարրեր, այն կարող է լինել անգամ անառողջ, բայց երբ փոխարինվում է ամբաստանությամբ ու դառնում այլևս վիրավորանք ու ակնհայտ սուտ տեղեկատվություն՝ համեմված քարոզչական նրբություններով ու դեմքի շատ «ազնիվ» արտահայտությամբ, հասնում է ավանտյուրիզմի։ Եվ այս պարագայում քննադատվող անձը կամ համակարգը կանգնում է երկընտրանքի առջև՝ պատասխանե՞լ, թե լռել, որպեսզի ավանտյուրիստին չդարձնես գովազդի առարկա։ Որովհետև հերիք է, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան, առավել ևս երկրի ղեկավարը խոսեն ցանկացած միջին վիճակագրական ավանտյուրիստի մասին, վերջինս անմիջապես դառնում է քաղաքական գործոն ու բացում կանաչ դարպասներ իր հետագա պարարտ «աշխատանքի» համար։ Ավանտյուրիզմի ամբաստանությունը, սակայն, մոտավորապես, նմանվում է , օրինակ, «Նաիրիտը» թալանելու մասին «աղմկահարույց» բացահայտումներին, որի տակ, բնականաբար, ոչ մի հիմք չկա, սակայն այն ասողն այդ ամենն արտահայտում է այնքան շատ ու այնքան վստահ, որ հասարակության մի զգալի հատված՝ առանց խորամուխ լինելու խնդիրների մեջ, հավատում է եղածին։ Ու հետո՝ արդեն տարիներ անց, ոչ ոք չի հիշում, թե ով է սկզբնաղբյուրը, ով է նման հայտարարություն արել՝ միայն մնում է թիրախը՝ վարկաբեկված և արդեն բավական ուշ ճիգեր թափող, որ «ես նման բան չեմ արել»։ Որպես կանոն՝ նախկին իշխանության մեջ կային բավական ազդեցիկ մարդիկ, ովքեր չէին պատասխանում նմանատիպ հայտարարություններին՝ վախենալով հենց մեր բերած առաջին փաստարկից՝ չդարձնել քաղաքական գործոն միջին վիճակագրական ավանտյուրիստին։ Այս երկընտրանքը, սակայն, բավական վտանգավոր է՝ չպատասխանելու դեպքում էլ մեծ է հավանականությունը, որ այդ խարանը ջնջելը բավական դժվար կլինի ու կդառնա քաղաքական շահարկումների առարկա։ Հիմա միջին վիճակագրական մի ավանտյուրիստ՝ ի դեպ ըստ մեր Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների գնահատականի՝ Աշոտ Գրիգորյան անուն-ազգանունով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ներդրումները խանգարելու և «Հայաստանը փրկող» իր ծրագիրը վիժեցնելու մեջ։ Նա լայֆ է մտել համացանցում և աղաղակում է, թե իրենք միլիարդներ են պատրաստվում բերել մեր երկիր, փրկել հանքարդյունաբերությունն ու տնտեսության այլ ճյուղեր, սակայն Նիկոլը նրան չի թողնում, ավելին, դեռ մի հատ էլ «ամբողջ աշխարհի հայերի» անունից սպառնում, թե կոչ կանի դուրս գալ փողոց ու հեռացնել Փաշինյանին։ Պատմությունն այստեղ ավելի քան պարզ է՝ Փաշինյանի կառավարությունը, ուղիղ այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նախարարների կաբինետները՝ այս մարդուն հրաժարվել են հանձնել «Նաիրիտը», որովհետև վերջինիս ներդրումային ծրագիրը ոչ այլ ինչ է, քան մեծ ֆարս ու սովորական ավանտյուրիզմ։ Գրիգորյանը, բնականաբար, չի ցանկանում զրկվել այդքան յուղոտ պատառից ու հրարակային շանտաժ է անում գործող վարչապետին, թե վերջինս խանգարում է ներդրումներ անել։ Սլովակիայում բնակվող և անգամ մի շիլլինգի չտիրապետող, ամբողջովին սնանկ ու պարտքերի մեջ թաղված Գրիգորյանն արդեն հասցրել է ցեխ շպրտել նախկին կառավարությունների վրա, հիմա էլ հերթը հասել է Փաշինյանին։ Եվ այստեղ կառավարությունն ունի հստակ երկընտրանք՝ կամ հանձնարարել ԱԱԾ-ին զբաղվել սույն պարոնով և պարզել ու հրապարակային հայտարարել, թե ինչ «ներդրումների» մասին է խոսքը, կամ էլ մի օր արթնանալ «թալանչու» խարանով։ Երկընտրանքն, իրականում, պարզվում է այդքան էլ մեծ չէ

Սուրեն Կամսարական