Ղրիմից մինչև Սոլսբերի ու Վաշինգտոն արտահանվել են Պուտինի գաղափարները․Channel 4-ի նոր ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

բակո

Բրիտանական Channel 4-ը Վլադիմիր Պուտինի մասին 3-սերիանոց փաստագրական ֆիլմ է նկարահանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հեռուստաալիքի կայքին:

«Հասկանալու համար, թե աշխարհում ինչ է տեղի ունենում հենց հիմա, պետք է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Պուտինն իր դիմացկունությունը ցուցադրել է որպես XXI դարի ամենանշանավոր քաղաքական գործիչ: Այս բազմասերիանոց ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է նա, լինելով նախկին հետախույզ, նորովի սահմանել քաղաքականությունը եւ ինչպիսի ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի վրա»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը: Նկարահանումները կկատարվեն, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում:

Ֆիլմի հեղինակները նախատեսում են օգտագործել արխիվային նյութեր եւ ներառել հարցազրույցներ նախագահին մերձավոր մարդկանց եւ «նրանց հետ, որոնց նրա գործողություններն ամենից շատ են առնչվել»: Նրանք նաեւ հստակեցրել են, որ «ֆիլմը կպատմի, թե ինչպես է Պուտինի անձնական փորձը ազդել նրա քաղաքականության վրա, ինչպես է ժամանակակից Ռուսաստանը ստեղծվել դավաճանության, հպարտության ու չարության սրված զգացման վրա եւ ինչպես են Պուտինի արժեքները արտահանվել աշխարհի տարբեր հատվածներ՝ Ղրիմից մինչեւ Սոլսբերի ու Վաշինգտոն»: