Բակո Սահակյանն Արցախում առաջացած ջրամատակարարման խնդրի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

բակո սահակյան, աշխ խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը եւ հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել բոլոր միջոցները մայրաքաղաքի բնականոն ջրամատակարման վերականգնման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման շտաբի գործունեության ակտիվացման եւ Ստեփանակերտի քաղաքապետարանում թեժ գծի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, որի միջոցով քաղաքացիները կտեղեկացվեն ջրամատակարարման հստակ ժամանակացույցի մասին: 

Աշխատանքների համակարգման եւ միջոցառումների վերահսկողության իրականացումը հանձնարարվել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին: