Սոնա Աղեկյանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել բերման ենթարկելու փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյանն իր ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժնում դիմում է գրել՝ պահանջելով տրամադրել օրինական հիմքերը, թե օգոստոսի 13-ի գիշերն իրեն իրավական ի՞նչ հիմքով են բերման ենթարկել։ 

«Ոստիկանությունը կփորձի գրավոր տրամադրել գործի նյութերը։ Երբ գործի նյութերը լինեն ինձ մոտ, բնականաբար, կհրապարակեմ, որովհետեւ այդ օրը մեր կողմից որեւէ ապօրինի գործողություն չի իրականացվել: Այդ օրը մենք միայն մեր խաղաղ ցույցն ու ակցիա անելու սահմանադրական իրավունքն ենք իրացրել»,- ասել է Սոնա Աղեկյանը, ապա տեղեկացրել, որ ոստիկանությունից ասել են՝ գործը դեռևս քննության փուլում է, սակայն 5-օրյա ժամկետում կներկայացնեն գրավոր փաստաթղթերը, թե ինչ օրինական պահանջ է ներկայացվել ոստիկանության կողմից, որին իրենք չեն ենթարկվել։

«Պնդում եմ՝ օրինական կամ ապօրինի պահանջ չի հնչել: Որևէ պահանջ չի հնչել, որին մենք ենթարկվեինք կամ չենթարկվեինք։ Մեր պայքարով պետք է հասնենք նրան, որ որեւէ մեկը կամայականորեն հնարավորություն չունենա իր պաշտոնական դիրքը չարարշահել եւ մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարել։ Եղեք համարձակ եւ սիրեք մեր Երևանը»,- ասել է Սոնա Աղեկյանը։