Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի նորանշանակ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը օգոստոսի 21-ին  հանդիպեց Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Նիկոլ Մընեսկուին (Ramona Nicole Mănescu)։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհավորեց նախարար Մընեսկուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն։ 

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները` հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա։

Նախարար Մընեսկուն վստահեցրեց, որ Ռումինիան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:

Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև՝ անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը: 

Զրուցակիցները կարևորեցին Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնության պահպանման գործում: 

Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ռումինացի ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: