«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Իրավական

Երևան քաղաքի  Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում  hունիսի 5-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը։ Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Նա հարցաքննվել է օգոստոսի 15-ին՝ վկայի կարգավիճակով։ 

Ավելի վաղ Արտակ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ երկրում չէ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Մասնավորապես` միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում:  

Արտակ Սարգսյանը հրավիրվել էր ոստիկանություն, որտեղ բացատրություն էր տվել և հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։