Քաղաքապետի՝ ինձ դատի տալը խղճուկ քայլ է․ Սոնա Աղեկյանը 2 հայց է ներկայացրել Մարությանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սոնա

«Ես որևէ մեկին չեմ զրպարտել, ինչ ասել եմ, իմ խոսքերի տերն եմ լինելու մինչև վերջ, արձանագրել եմ փաստը, իրականությունն եմ ասել»։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան»» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն դատի տալուն։

«Հայկ Մարությանը բազմաթիվ երևանցիների արժանապատվությանն է վնաս հասցրել, ու դեռ մի բան էլ ինքն է խոսում արժանապատվությունից։ Երբ ասում են՝ պոլի փետ լինի, Նիկոլի ասածը լինի, հիմա Մարությանը պոլի փետ է, Նիկոլի ասածն է։ Պոլի փետ չլիներ, Երևանցիներին աղբի մեջ չէր կորցնի»,- ասաց Սոնա Աղեկյանը, ապա հավելեց, որ եթե քաղաքապետն արժանապատվություն ունենար, քաղաքի աղբահանությամբ կզբաղվեր։

«Եթե քաղաքապետը կարծում է, որ, աղբի ու գարշահոտության մեջ երևանցիներին թողնելով, մեր արժանապատվությանը վնաս չի հասցրել, ցավում եմ նրա համար։ Ո՞նց է ինքն արժանապատվություն ունի, իրեն չի կարելի ինչ-որ բան ասել, բայց մեզ ստիպել է ապրել այս գարշանքի մեջ», - ասաց Սոնա Աղեկյանը։

Ըստ նրա՝ Հայկ Մարությանը միջոցներ պետք է ձեռնարկի, քանի որ ի պաշտոնե նա է լիազորված վերահսկելու «Սանիտեքի» աշխատանքը, քաղաքի մաքրության և աղբահանության, պատասխանատվությունը կրում է քաղաքապետը։

«Եթե մի մարդ չի կարողանում անգամ աղբահանությունը վերահսկել, էլ ինչի մասին է խոսքը։ Նա ձախողված քաղաքապետ է, ես ոչինչ չունեմ Կարգին Հայկոյի դեմ, նորմալ կարգին Հայկո էր, բայց որպես Երևանի քաղաքապետ՝ նա չկայացած պետական պաշտոնատար անձ է, ով արժանապատվությունից խոսելուց առաջ պետք է դուրս գա քաղաքում շրջի, շնչի գարշահոտությունը, ժողովրդին պատճառած վնասները չափի»,- նշեց Երևանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամը։

Նա քաղաքապետի՝ իրեն դատի տալը որակեց որպես խղճուկ քայլ, որով ըստ նրա՝ Հայկ Մարությանը փորձում է գրասեղանի տակից դուրս գալ, քանի որ իրենց ակցիաների ժամանակ նա թաքնվում է գրասեղանի տակ։

Սոնա Աղեկյանը նաև տեղեկացրեց, որ ինքն էլ իր հերթին է երկու դատական հայց ներկայացրել Հայկ Մարությանի դեմ, որոնցով պահանջում է փոխհատուցել անգործության արդյունքում երևանցիների արժանապատվությանը հասցված վնասը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է պարտավորեցնել Սոնա Աղեկյանին հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև հատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։