Արմեն Սարգսյանի նուրբ ակնարկն ու հարձակումը Փաշինյանի ուղղությամբ

Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ում անունը ի դեպ տևական ժամանակ կապվում էր Ամուլսարի հանքի շահագործման հետ, երկար լռությունից հետո մեկնաբանել է հանքի շուրջ ստեղծված ոչ միանշանակ իրավիճակը։ Սարգսյանն, իհարկե, ֆիքսել է, որ գործող Սահմանադրության համաձայն ինքն իրավունք չունի խառնվել կառավարության և օրենսդրի որոշումների մեջ, սակայն ամենավերջում, ի միջի այլոց, նշել է, որ «հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք»։ 

Ավելին, ըստ նրա՝ «Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»։ Հայտարարությունը, որ տարածել է նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունն առաջին հայացքից շատ հստակ է՝ չեմ խառնվում, բայց լավ կլինի, որն բնությանը վնաս չտրվի։ Սա, սակայն, միայն առաջին հայացքից։ Մեծ հաշվով ստացվում է, որ Սարգսյանը քաղաքավար ձևով փորձում է իրենից վերջնական հեռացնել Ամուլսարի հանքի շահագործման թեման, ինչպես նաև մի փոքր քար իր կողմից նետել դեպի Նիկոլ Փաշինյանի «բոստան»՝ ֆիքսելով, որ «բնապահպանական հարցերում» պետք է զգույշ լինել։ Իհարկե, Սարգսյանը, լինելով բավական զգուշավոր գործիչ, ուղղակի չի ասում այն, ինչ ակնարկում է, սակայն ստացվում է, որ կիսաձայն առարկում է վարչապետի ու կառավարության քաղաքական որոշման դեմ։ Արմեն Սարգսյանն այս կերպ աննկատ, սակայն բավական վտանգավոր հարձակում է գործում դեպի վարչապետի դիրքեր՝ փորձելով առանձնացնել իբրև առանձին գործիչ, ով Փաշինյանի համար ամենաանհարմար ժամանակ կարող է ունենալ իր սեփական, ուրույն ու տարբերվող կարծիքը՝ ոչ այնքան հարմար օրվա նախարարների կաբինետի համար։ 

Ի դեպ, Սարգսյանի այս նուրբ հայտարարությունը էլ ավելի է ամբողջացնում ստեղծված քաղաքական իրավիճակի լրջությունը։ Առանց այդ էլ ոչ միակենտրոն իշխանական քաղաքական թիմն առաջին իսկ լուրջ որոշման ժամանակ ցույց է տալիս ճաքեր ու երկփեղկվածություն, որը, բնականաբար, կարող է վերածվել անդունդի, եթե Փաշինյանի կառավարությունն էլ ավելի լուրջ որոշում ընդունելու փաստի առջև կանգնի, քան, օրինակ, Ամուլսարն է։ 

Սուրեն Կամսարական