Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Ամերիկաբնակ երկու հայ՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը և նրա որդի Կարո Ղազարյանը Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ այդ երկրի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ այցելելու համար դեսպանատնից մերժում են ստացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Asbarez-ը: 

Պարգև Ղազարյանը, որը ծնվել է 1931թ.-ին թուրքական Կալանդուրան գյուղում, 2017 թվականին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ «քրիստոնեական ծեսեր կատարելու»: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը:

Թուրքիայի դեսպանատունը մերժել է հայր և որդի Ղազարյանների վիզան: Ինչպես նշում են հայցվորների դատապաշտպանները, պատճառը նրանց հայկական ծագումն է եղել:

Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում տարեց տղամարդը մեղադրում է Թուրքիային մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար: