Դուք ո՞վ եք, որ որոշեք` Ամուլսարի ճակատագիրը. Զոհրաբյանի նամակը Թունյանի հարեւան «Պողոսին»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում նամակ է ուղղել «անգրագետ Պողոսին»՝ նրան, ում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի Բաբկեն Թունյանը չէր ցանկացել տեսնել դերակատար Ամուլսարի հարցում որոշում կայացնելու գործում։

Նաիրա Զոհրաբյանի նամակը՝ ստորեւ․

«Նամակ Պողոսին

Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և իր ու իր բազմամարդ ընտանիքի ձայնը այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ:

Հիմա իմ հարգարժան Պողոս, պարզվում է, դու ու քո բազմամարդ ընտանիքը անգրագետ եք ու էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենեալով, հանկարծ որոշեք` Ամուլսարի ճակատագիրը:

Դուք, իմ հարգաժան Պողոս ու պողոսներ, ձեր գործառույթը մեկ տարի առաջ արդեն կատարել եք, երբ դուք Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացի էիք, որին գրկում ու համբուրում էին և ով հավատում էր, որ ինքը այլևս անդառնալիորեն հպարտ է ու անդառնալիորեն քաղաքացի:

Հիմա, իմ բազմամարդ ընտանիքի հայր Պողոս, պարզվում է, ինչպես հայտարարեց իշխանության մի բավականին բարեկիրթ ներկայացուցիչ, դու անգրագետ ես, քո ընտանիքը անգրագետ է և չի կարելի թույլ տալ, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի հպարտ քաղաքացի Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը Ամուլսարի հարցում որոշում կայացնի:

Ահա այսպես, իմ բարեկամ Պողոս:

Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս: Բարևներ բազմամարդ ընտանիքիդ` իմ լավ Պողոս»:

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի հարցով գրել էր, որ ժողովուրդը կարող է սխալվել՝ ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով․ «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։