Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

1

29 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի կողմից ընդունվեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»՝ դնելով պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը», - նշված է հռչակագրում:

1990 թվականին, հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը:

1991 թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով և 1991 թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը ՀՀ-ն հռչակեց անկախ պետություն: