Ամուլսարն էլ առաջվա սարը չէ, մինչև հեղափոխություն 400 մլն դոլար է դրվել սարի վրա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է: Նա հանդիպել է ջերմուկցիների հետ: Վարչապետին դիմավորել են «Ամուլսարը՝ առանց հանքի» կարգախոսով ցուցարարները։

Ջերմուկցիներից մեկն ասել է, որ ժողովրդի կարծիքը ժամանակին հաշվի չի առնվել։ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «էս մի տարի ա` ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ինչ վիդեո կա, նայում եմ, ամեն ինչ գիտեմ»:

«Ձեզ սխալ են զեկուցում, այստեղ ուղղորդում չկա․ ամեն ինչ ինքնաբուխ ա եղել։ Ժողովրդի հույսը, հավատը Դուք եք»,-ասել է ցուցարարներից մեկը: 

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպելու է Ջերմուկի բնակիչների հետ՝ այցելելով նրանց բնակարններ, սակայն ցուցարարները դժգոհել են որոշումից։

«Չգիտեմ՝ ուր ա գնում․ կգնա, երկու իր նման մտածողներից կհարցնի ու կասի՝ համաձայն են ջերմուկցիները», - բողոքել են ջերմուկցիները՝ նշելով, որ կարիք չկա գնալ, բնակարաններում զրուցել մարդկանց հետ։

«Ամբողջ այցը կփչացնեք, թողեք՝ գնամ, մարդկանց հետ հատ-հատ խոսամ», - հորդորել է  Նիկոլ Փաշինյանը, ապա նստել մեքենան և հեռացել։ 

Վարչապետը, այդուամենայնիվ, այցելել է Ջերմուկի բնակիչներին։ Բնակարաններից մեկում Փաշինյանը, խոսելով Ամուլսարի՝ հանք դառնալու գործընթացից, ասել է․ «Սարը էլ առաջվա սարը չի, սարը փոխվել է․ մինչև հեղափոխություն 400 միլիոն դոլար դրվել է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմուկցիների հետ շարունակվում է։ Այն կարող եք հետևել այստեղ։