Որոշում կայացնելուց առաջ ձեր ընտանիքին տեղափոխեք Ջերմուկ․ քաղաքացին՝ վարչապետի խոսնակին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Ձեր որոշումը կայացնելուց առաջ, ձեր ընտանիքին տեղափոխեք Ջերմուկ։ Այս մասին այսօր Ջերմուկում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին ասաց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ջերմուկցիներից մեկը։

«Ավելի լավ է մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես։ Պայթեցումները որ լինում են, ամպն ամբողջությամբ նստում է մեր քաղաքի վրա։ Էդ փոշին ամբողջությամբ լցվում է ստեղ։ Երբ անձրև է գալիս, մեքենաներն ամբողջությամբ ցեխոտվում են»,–դժգոհեց որպես բժիշկ ներկայացած ջերմուկցին և հավելեց․

«Վարչապետը փաստեր էր ուզում. ես Վայքում եմ ծնվել՝ մեծացել, էնտեղ հանքի շահագործումից 60 տարի հետո էլ մի թուփ անգամ չկա, մի մուկ անգամ չկա։ Էն քարը, որ Ամուլսարում է՝ պայթուցիկ է, դա բոմբ է դառնալու բոլորի համար՝ թունավոր բոմբ, օրենքով թաղեք դա, ուրիշ ճանապարհ չկա։ Ես բժիշկ եմ, դուք հաշվե՞լ եք, թե ինչքան մարդ է դառնալու հաշմանդամ, քանի երեխա է անոմալիաներով ծնվելու։ Եթե մեր երկրի համար քաղաքացին է բարձրագույն արժեքը, ապա մարդուն չեմ կարծում դա ձեռնտու է»,–վրդովված հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցը։

Մեկ այլ ջերմուկցի էլ հայտարարեց․

«Դա ազգային անվտանգության հարց է և պետք է լուծվի հանրաքվեով, թե չէ ինչ–որ «Էլարդի» եզրակացության հիման վրա հիմնվելով չի լինելու. այստեղ պետք է աշխատի ուղիղ ժողովրդավարությունը, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանը»,–ասաց նա։

Վլադիրմիր Կարապետյանն իր հերթին հայտարարեց, որ ջերմուկցիները ևս այս  իշխանություններին մանդատ են տվել, և նրանց կարծիքը հաշվի կառնվի։