ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է արել. քննարկվել են էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրների կարգավորումն օրակարգային է ՀՀ կառավարության համար: «Անհրաժեշտ է ներդնել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խոչընդոտի ոլորտի զարգացմանը և կլինեն միջազգային լավագույն փորձին համահունչ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը` տեղեկացնելով, որ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում կձևավորվի գործողությունների ծրագիր:

ՌԴ դաշնային հարկային ծառայության նախա­գահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ՌԴ-ում էլեկտրոնային ծառայությունների  և էլեկտրոնային առևտրի հարկման ուղղությամբ կատարված բարեփոխումները և դրանց արդյունքները։

Միջազգային կոնֆերանսն անցկացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրակա­նաց­վող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի աջակցությամբ։