Նոր Խարբերդի բնակիչը մետրոյում բջջային հեռախոսներ էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Ինչպես հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման, այնպես էլ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, հասարակական կարգը ապահովելու գործում առանձնակի կարեւորություն ունի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը:

Ըստ միջին վիճակագրության` ամեն օր մետրոպոլիտենից օգտվում է 35.000 քաղաքացի: Հատկապես գնացքներում, կառամատույցներում, շարժասանդուղքների մոտ ոստիկաններն ավելի զգոն են, աչալուրջ: Հասարակական կարգն ապահովելուց զատ նման շրջայցերը հնարավորություն են տալիս նաեւ գողության, կողոպուտի դեպքեր բացահայտել:

Օգոստոսի 18-ին մի քաղաքացի մետրոպոլիտենի պահպանության բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը, մետրոյի «Ս.Դավիթի» կայարանի գետնանցումում նկատել է, որ 2 բջջային հեռախոսներն էլ չկան:

Բաժնի քրեական հետախույզներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, եւ հետեւողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք տվեց:

Օգոստոսի 21-ին, ժամը 20.50-ին, գողություն կատարելու կասկածանքով մետրոյի «Գ.Նժդեհի» կայարանի գետնանցումից ոստիկանները բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 49-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: