Ռազմական ոստիկանության գնդապետը կալանավորվել է 7 մլն ռուբլի կաշառք ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա հաղորդում է տվել, որ ռազմական ոստիկանության գնդապետին կանխիկ և բանկային փոխանցումներով տվել է մոտ 6.000.000 ռուբլի կաշառք: 

Նույն օրը հարուցվել է քրեական գործ: Կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ռազմական ոստիկանության գնդապետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթի որդու Հայաստան ժամանելուն պես չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել նրան պատասխանատվության ենթարկելը:

Բացի այդ, 2014-2016 թվականներին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հետախուզվող երիտասարդի օգտին գործողություն կատարելու, նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու և հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար նրա հորից պահանջել և ստացել է 6.000.000 ռուբլի կաշառք: 

Ավելին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2015 թվականի նոյեմբերին գնդապետը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, որդու և ծնողների Ռուսաստանում գտնվող գույքն ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով, հորը ներկայացրել է իր օգտին 1.000.000 ռուբլու գույքային գործողություն կատարելու պահանջ:

Հարուցվել է քրեական գործ: ՌՈ գնդապետը կալանավորվել է:
Քննությունը շարունակվում է: