Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Հրամանագրով չեղյալ է հայտարարվել 2010 օգոստոսի 18-ին ընդունված որոշումը, որով հասարակական վայրերում սքեմ կրելու թույտվությունը տրվում էր  պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ 

Նշենք, որ Թուրքիայում հասարակական վայրերում սքեմ կրելու իրավունք է տրվում միայն եկեղեցու տվյալ պահի առաջնորդին: Պետության կողմից նման արտոնության տրամադրումն ընկալվում է որպես կատարված ընտրության պաշտոնական հաստատում: 

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթաց։ Որպես այդ գործընթացի բաղկացուցիչ մաս, նախ տեղի ունեցան պատրիարքի տեղապահի ընտրությունները, որի արդյունքում տեղապահ ընտրվեց Սահակ եպս. Մաշալյանը։