Հանքարդյունաբերության հարցում գործ ունենք իշխանության անճարակության հետ․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Տնտեսական

«Քսանինը տարի առաջ այս օրը Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել թերևս ամենապատմական, նշանային իրադարձություններից մեկը։ ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը, որը փաստորեն դարձավ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը, ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը 88-ի համազգային շարժման ամենակարևոր, պատմական ձեռքբերումներից մեկն էր, նախկին սովետական տարածքում դեմոկրատական ուժերի կողմից ընդունված ամենասոլիդ փաստաթղթերից մեկը, որն արժեքավոր է հատկապես այն պատճառով, որ ընդունվել է պետական բարձրագույն մարմնի կողմից։

Հայաստանն այն բացառիկ երկիրն էր, որ անկախության հասավ ԽՍՀՄ օրենքներով՝ այսպիսով լեգիտիմացնելով համազգային շարժումն ու նրա քաղաքական նվաճումները։ 1990 թ. մայիսի 20-ին ՀՀՇ-ն մասնակցեց Գերագույն խորհրդի ընտրություններին ու սովետական ընտրական օրենսդրության շրջանակներում համոզիչ հաղթանակ տարավ կոմունիստական նոմենկլատուրայի հանդեպ։ Սա անկախ պետականության վերականգնման շրջադարձային հանգրվան էր, որին հաջորդեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում՝ 1990-ի օգոստոսի 4-ին, Անկախության հռչակագրի ընդունումը՝ նույն տարվա օգոստոսի 23-ին, ու Անկախության հանրաքվեն՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին։

Անկախության հռչակագիրը, որը բաղկացած է 12 կետերից, բացառիկ փաստաթուղթ է, որը ոչ միայն ուղենշում է Հայաստանի զարգացման տեսլականը, ստեղծում է նոր հանրապետության սահմանադրական հիմքերը, այլ նաև տալիս է կոնկրետ բանաձևումներ, որոնք իրենց արդիականությունը չեն կորցրել անգամ 29 տարի անց՝ տալով նաև այսօրվա կնճռոտ հարցերի պատասխանները։

Օրինակ՝ Հռչակագրի 7-րդ հոդվածում բառացիորեն կարդում ենք. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»:

Անկախության հռչակագիրը համազգային կոնսենսուսի արդյունք է ու թերևս միակ փաստաթուղթն է, որի հանդեպ մեր հասարակությունը պահպանել է իր բացառիկ ակնածանքն ու հավատարմությունը։ Սա պատահական չենք արձանագրում, որովհետև անկախության գործընթացի մեկնարկին Հայաստանի նոր ղեկավարությունն ու հասարակությունը փաստորեն արձանագրել են, որ Հայաստանը չի կարող հանքահեն երկիր լինել, ու առնվազն ամրագրել են մեր պետության ու հասարակության սուվերեն իրավունքը բնական հարստությունների, ընդերքի հանդեպ։

Առնվազն 1998-ից սկսած՝ Հայաստանի իշխանությունները, ավելի ստույգ՝ քրեաօլիգարխիկ համակարգը, մեղմ ասած, թքած են ունեցել Անկախության հռչակագրի վրա՝ հասարակության սուվերեն իրավունքները, դիրքորոշումները ստորադասելով իրենց կոռուպցիոն անհագ ախորժակին։

Ցավալիորեն արձանագրենք, որ Ամուլսարի հարցում հեղափոխության իշխանության դիրքորոշումները նույնպես սկզբունքորեն ներդաշնակ չեն Անկախության հռչակագրի պահանջներին (խնդիրը չի վերաբերում հանքը շահագործել-չշահագործելու պարզունակ դիլեմային)։ Այս դեպքում գործ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական անճարակության հետ։

Հանքարդյունաբերության հարցում Հայաստանի հասարակությունն իր դիրքորոշումը հայտնել է 29 տարի առաջ, ու այսօր վատ չէր լինի ուշադիր կարդալ Անկախության հռչակագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news