Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած քաղաքացիներին․ Սասնա Ծռեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել:

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ Չկա ու չի կարող լինել որևէ գիտամասնագիտական բացատրություն, որը կհիմնավորի, թե այդ հանքի շահագործումը կործանարար չի լինելու:

Ժամանակին իշխանությունները նման «հեղինակավոր մասնագետների» հիմնավորմամբ Սևանի մակարդակն աղետալի չափերով իջեցրեցին, այսօր էլ ռեալ վտանգ են ստեղծում Հայաստանի բնության ու մարդկանց համատարած ու զանգվածային թունավորման համար: Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին ու գործիչներին կոչ ենք անում համախմբվել և մեր գործնական քայլերը համակարգելու նպատակով սկսել համատեղ խորհրդակցություններ:

Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք, որ վերջապես ետ կկանգնեն մերժվածների ազգուրաց գործն ու գործելակերպը շարունակելու քաղաքականությունից: Հայաստանը պետք է ազատագրվի իր ընդերքը հոշոտող բոլոր թալանչիական կապանքներից: Կրկին դիմելով Ամուլսարի համար պայքարող ուժերին ու գործիչներին, հատուկ կարևորում ենք այս հարցի շուրջ ջանքերի մեկտեղումն ու համակարգումը։ Տեղեկացնում ենք նաև, որ այդ նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար առաջիկայում հրավերներ ենք ուղարկելու նրանց։ Վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու։

Չի՛ ստացվելու:
Չե՛նք թողնելու։
Ազգովի՛ն։

Սևանը չի՛ թունավորվելու,
Ջերմուկը մնալո՛ւ է առողջարան,
Ամուլսարը մնալո՛ւ է սար։

Մե՛նք ենք տերը մեր երկրի»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news