Ուզում է Սորոսը գա, ուզում է Պետրոսը, որևէ մեկից չպետք է վախենալ և վիզ ծռել․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Արցախ

Արցախը աշխարհի ցանկացած երկրից պատրաստ է ընդունել ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների։ 24News-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնես Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով կառավարության կողմից երկու ՀԿ-ներին տրված դրամաշնորհին՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

«Հայաստանի Հանարպետության որոշումն է, իր ներքին խնդիրն է, մենք պատրաստ ենք ընդունել աշխարհի  ցանկացած կետից դիտորդների։ Թող գան, տեսնեն, թե Արցախում ինչպես է իրավիճակը, տեսնեն, որ էստեղ միշտ էլ ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով են անցել։ Մենք շահագրգռված ենք տարբեր դիտորդական առաքելությունների ընդունել։ Թող գան, տեսնեն ու համեմատեն, թե ինչ ունենք մենք ու ինչ ունի Ադրբեջանը։ Իհարկե կլինեն սուբյեկտիվ ու կողմնակալ արտահայտվողներ, բայց մենք դրանից էլ չենք վախենում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33, 68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»: Նպատակը՝ ապահովելն է, որ հիշյալ կազմակերպությունները Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին իրականացնեն դիտորդական առաքելություն:

Դիտարկմանը, թե հանրության կողմից այս երկու կազմակերպություններն ընկալվում են որպես «սորոսականներ», այսինքն «Սորոսի» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներ, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Մեր տարածաշրջանն այնպիսինն է, որ տարբեր երկրների, շահերի ու ուժերի կիզակետում է։ Չենք կարող արգելել այդ պայքարը, ես այլ մոտեցման կողմնակից եմ՝ մեր իմունային համակարգն այնքան ուժեղ պետք է լինի, որ ով ուզում է գա՝ ուզում է Սորոսը գա, ուզում է Պետրոսը, ով ուզում է գա, որևէ մեկից չպետք է վախենալ, ու վիզ ծռել»։

Ավելին, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ որպեսզի այլոք վտանգ չներկայացնեն, պետք է մեր սեփական շարքերում զարգացնենք այդ համակարգը։

«Ի՞նչ է, Ռուբեն Հախվերդյանը հայ չէ՞, որ ապուշ բաներ է ասում կամ Արա Պապյանը , որ ասում է Ամուլսարը Արցախից կարևոր հարց է։ Հա՞յ չեն նրանք, հետևաբար իմունային համակարգը պետք է ուժեղ լինի, որ ով ուզում է գա, չկարողանա խարխլի մեզ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Արցախի ներքաղաքական կյանքում նկատվող լարվածությանը, ապա Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ լարվածություն երբևէ չի եղել, կա ակտիվություն։

«Բազմաթիվ նոր կուսակցություններ են ձևավովել, որոնք իրենց չեն տեսնում այլ կուսակցության մեջ, նունն էլ մենք, մեզ չենք տեսնում այլ կուսակցության ներսում։ Սա բնական ակտիվություն է ընտրություններից առաջ»,-ասաց նա։

Հարցին, թե ՏԻՄ ընտրությունների արդյունքները կարո՞ղ են վճռորոշ դառնալ Արցախի նախագահի ընտրություններից առաջ, Դավիթ Բաբայանը բացառեց:

Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 9-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news