Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլի» շենքն այրվում է (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է նաև «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, որն անձամբ է ղեկավարում հրդեհաշիջման աշխատանքները։ «Մալաթիա մոլ»-ի աշխատողները և նրանց օգնության հասած մի խումբ տղաներ դուրս են բերում խանութում և պահեստում գտնվող ապրանքը։ Անմիջապես խանութի դիմաց՝ Սեբաստիա փողոցի վրա շարել են խանութի ամբողջ տեխնիկան, հեծանիվներ, պլաստմասե տարաներ, ինչպես նաև այն մեքենան, որը առաջիկայում պետք է խաղարկվեր խանութում։

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը աշխատողներին անընդհատ հորդորում էր շուտ մարել կրակը․ «Ժեշտը ջանդամ, կրակը հանգցրեք, էլի ջուր բերեք, ասեք ուժեղացնեն»։

Նշենք նաև, որ ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը կան նաև տուժածներ, ինչի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ։