ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարներն արդեն 3 օր է՝ ինչ կանգնած են Վերին Լարսի անցակետում, և դեղձի մթերումը վտանգված է: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում, արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. կուտակումները շարունակվում են:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:
Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել են զննում, որի հիմնավորումը չկա: Ինչևիցե, ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացն (բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը) իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ»: