«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով 3 տուժածները ծխահարվել են․ նրանք «Աստղիկ» ԲԿ-ում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Երևանի «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Տուժածները լուրջ վնասվածքներ չունեն, նրանք ծխահարված են: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալ Ռոբերտ Կուրղինյանը: «3 երիտասարդ է տեղափոխվել կենտրոն, նրանք գտնվում են ընդունարանում, լուրջ վնսասվածքներ չեն ստացել, ծխահարված են, այս պահին նրանց թթվածին են տալիս»,-ասաց նա:

«Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ 24News-ի հետ զրույցում  հայտնեց, որ այս պահին աշխատակիցները դեպքի վայրում են։  «Մարդիկ շնչում են այդ օդը, աշխատակիցները տեղում օգնություն են ցուցաբերում։ Այս պահի դրությամբ   հատուկ իրավիճակ չկա։ Սպասում ենք ամբողջ հրդեհը մարվի»,-ասաց Թագուհի Ստեփանյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: