«Մալաթիա մոլի» տարածքից 2 ծխահարված քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ․ Թագուհի Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

«Շտապ օգնություն» ծառայությունը «Մալաթիա մոլի» տարածքում հերթապահում է 5 մեքենայով, երկու ծխահարված քաղաքացու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից։
Վերջինս նաև նշեց, որ ծխահարված քաղաքացիների վիճակը նորմալ է եղել, նրանք ծանր վիճակում չեն եղել։

«Մեր բժիշկները պարբերաբար թթվածնի խնդիր ունեցող տարբեր քաղաքացիների օգնություն են ցուցաբերում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 24News-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Տուժածները լուրջ վնասվածքներ չունեն, նրանք ծխահարված են: 

Հիշեցնենք նաև, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: