«Մալաթիա մոլի» հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 19 մարտական հաշվարկ․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

աղետ

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: