Կրակոցներ Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Մահացածը 43-ամյա Համբարձում Առաքելյանն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: