Արճիսցիներն արդեն երեք ամիս է՝ խմելու ջուր չունեն․ փակել են ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից՝ 8։40-ից փակել են Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Արճիսցիների բողոքի պատճառը խմելու ջուրն է․ նրանք արդեն 3 ամիս է ջուր չունեն։ 24News-ին այս մասին տեղեկացրեց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը։ 

«Մարդիկ արդեն 3 ամիս է ջուր չունեն, որովհետև գյուղի աղբյուրները վերջին ամիսներին ցամաքել են։ Ամբողջ ամառ մեքենայով տարբեր գյուղերից ջուր են բերել։ Իսկ Նոյեմբերյանի ջրագիծը էդ գյուղի տակով է անցնում, հիմա կառավարությանը ծրագիր է ներկայացվել, որ գոնե էդտեղից օգտվեն»,-ասաց նա։

Արայիկ Պարանյանը նշեց, որ գյուղացիները չեն հավատում, որ խնդիրը լուծվելու է և պահանջում են՝ մարզպետը գա և խոստանա լուծել խնդիրը։

«Մարզպետը շուտով կգա, տեսնենք ինչ պայմանավորվածության կգան։ Միայն կառավարության արձագանքից հետո կբացեն ճանապարհը»,-ասաց նա։