Ամուլսարի հարցով Գնդեվազում ծեծկռտուք է եղել․ գյուղապետը հայտարարում է, որ «կուրսի չէ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Amulsar

Օգոստոսի 25-ին՝ 00։55-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել Վայքի հիվանդանոցից, որ օգոստոսի 24-ին՝ 23։25-ին, բժշկական կենտրոն են տեղափոխվել Գնդեվազ գյուղի երկու բնակիչներ վնասվածքներով։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական ծառայությունը։ 

«Մեկնած խումբը պարզել է, որ օգոստոսի 24-ին՝ 22։30-ի սահմանում, Գնդեվազում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում այդ անձինք ստացել են վնասվածքներ։ Մեկ անձ ականջի վերքով, մեկն էլ ձախ ակնակապիճի պատռվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ 

Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել հանքը շահոգործողների կողմնակիցների ու դեմերի միջև։ Այս հարցի առնչությամբ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել։ Տեղեկացրեց, որ դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալված է։ 

Միջադեպի մասին տեղեկություններ ստանալու համար 24News-ը կապ հաստատեց նաև Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանի հետ։

«Ի՞նչ ծեծկռտուք է եղել և ովքե՞ր են եղել մասնակիցները» հարցին Գնդեվազի համայնքապետը պատասխանեց հարցով՝ բա դուք որտեղի՞ց իմացաք։ Այնուհետև նշեց, որ ինքն այս պահին հիվանդանոցում է, բուժում է ստանում, լրատվականներից է իմացել միջադեպի մասին։ 

«Զանգել եմ համայնք, եղել է նման բան, բայց կանկրետնի կուրսի չեմ ինչն է եղել պատճառը»,- ասաց Հայրապետ Մկրտչյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե ծեծկռտուքի մասնակիցները եղել են Գնդեվազի բնակիչներ։