Նուր-Սուլթանում «Թումո» կբացվի․ կենտրոնի պատվիրակությունն այցելեց Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Օգոստոսի 19-20-ը տեղի ունեցավ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի (ք. Երեւան) պատվիրակության այցը Ղազախստան՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում Թումո կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Այցի ընթացքում կայացան Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հանդիպումները ՂՀ վարչապետ Ասկար Մամինի (Мамин Аскар Узакпаевич) եւ ՂՀ կրթության ու գիտության նախարար Ռախիմկուլ Այտմագամբետովի (Айтмагамбетов Рахимкул Аманкулович) հետ:

Օգոստոսի 20-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ մասնագիտական կրթությամբ զբաղվող «Քասիպկոր» հոլդինգ» ոչ առեւտրային բաժնետիրական ընկերության միջեւ ստորագրվեց հուշագիր փոխըմբռնման եւ համագործակցության մասին:

Հանդիպումներին մասնակցեցին Ղազախստանում ՀՀ դեսպան Գ.Ղալաչյանը, ՂՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր Ն.Միքայելյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչ, բարերար Ա.Հարությունյանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց ՀՀ դեսպանություն եւ ղազախական մի շարք կրթական հաստատություններ»,–նշված է գրառման մեջ: