Զենքի մատակարարման տենդերի մասով քրգործ հարուցելու լուրը ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական «ORSIS» ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «ORSIS»-ի ներկայացուցչին։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 24News-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց քրեական գործի մասին տեղեկությունը։

Թեմայի շրջանակում «Ռիա Նովոստին» գրում է, որ 2019 թվականի մայիսին ՊՆ-ն հայտարարել է տենդեր մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական «ORSIS» ընկերությունը հայտ է ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։

Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական «ORSIS» ընկերությանը:
Շուտով հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: «ORSIS»-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր... Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», - ասել է «ORSIS»-ի ներկայացուցիչը «Ռիա Նովոստի» գործակալությանը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին էր:

«Հավելյալ տեղեկություն կհաղորդվի քննչական մարմինների աշխատանքի ավարտին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գերատեսչության ներկայացուցիչը: