Եթե հարկ լինի՝ պաշտոնյայի գործավարն ու վարորդն էլ կհայտարարագրվեն․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, եթե անհրաժեշտ լինի: Այս մասին ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանի հարցին:

«Այս մարմինը, ենթադրում եմ, որ անպայման անդրադառնալու է նաև մինչև հիմա ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Տվյալ պաշտոնյայի մինչև ո՞ր ազգակցական շրջանակն է ներգրավվելու պարտադիր հայտարարագիր ներկայացնողների մեջ, որպեսզի մենք արդյունքում աբսուրդի չհասնենք, մեր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակման մեջ նշված է եղել, որ  պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, նաեւ պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է լինելու նրա բանկային հաշիվների հետ կապված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը կընդլայնվի, եւ ոչ միայն պաշտոնյայի հետ համատեղ բնակվողները կներկայացնեն հայտարարգիր, այլ նաեւ ծնողները, երեխաները եւ հարազատ եղբայրները, իսկ վարորդների եւ գործավարների մասով հայտարարագրումը կիրականացվի ըստ անհրաժեշտության:

«Վարորդների եւ գործավարների մասին խոսելիս գործ ունենք իրավիճակային խնդրի հետ, մասնավորապես, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի եւ որոշակի անհմապատասխանություններ կհայտնաբերի, կամ որոշակի տեղեկություններ ձեռք կբերի, որ տվյալ պաշտոնատար անձը ձեռք է բերել գույք իր գործավարի  կամ վարորդի անունով, այդ ժամանակ նաեւ կպահանջվի հայտարարագիր տվյալ վարորդից»,-ասաց նախարարը` նշելով, որ եթե նման դեպք բացահայտվի` պատասխանատվության կենթարկվի թե պաշտոնատար անձը, թե վարորդը կամ գործավարը:

Ի պատասխան Նարիա Զոհրաբյանի մեկ այլ հարցին՝ արդյո՞ք քննարկվել է հակակոռուպցիոն կոմիտեի դատավորների աշխատավարձը, Բադասյանը հաստատեց, որ աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է և հնարավոր է՝ ներգրավվեն միջազգային դոնորներ, որոնք գումարը կփոխանցեն պետական բյուջե և պետական բյուջեյից կփոխանցվեն աշխատավարձերը: