Մերկելը կողմ է արտահայտվել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի առեւտրային բանակցությունների շուտափույթ մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

բակո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի առեւտրային բանակցությունների շուտափույթ մեկնարկին: Երկու կողմերը լրջորեն հետաքրքված են ավելի ակտիվ առեւտրային հարաբերություններով: Բիարիցում՝ G7-ի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն այս մասին ասել է Մերկելը, հաղորդում է  DW-ն:

Իր հերթին Թրամփը ԵՄ-ին մեղադրել է անարդար առեւտրային գործունեությանն աջակցելու մեջ: Եվրամիության հետ առեւտրում ԱՄՆ-ն «տարիների ընթացքում շատ գումար է կորցրել», - դժգոհել է նա:

Սպիտակ տան ղեկավարը եվրոպացիներին անվանել է «անդրդվելի առեւտրականներ», որոնց, նա սակայն, հարգում է, ինչպես չինացիներին: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն  կկարողանա ԵՄ-ի հետ «լավ եւ արդար» առեւտրային համաձայնագիր կնքել՝  Ճապոնիայի հետ կնքված պայմանագրի նման: Թրամփը նաեւ նշել է, որ հույս ունի, որ ստիպված չի լինի տուգանքներ կիրառել գերմանական մեքենաների նկատմամբ և հույս հայտնել, որ «շատ շուտով» Գերմանիա կայցելի: «Իմ մեջ նաեւ գերմանական արյուն է հոսում», - ասել է  Ամերիկայի նախագահը, ով  Կալշտադտից ներգաղթածների սերնդից է:

Նշենք, որ 2017-ի հունվարին երդման արարողությունից հետո Թրամփը ոչ մի անգամ  աշխատանքային այցով չի եղել Գերմանիայում, մինչդեռ արդեն երկու անգամ այցելել է Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա: