Հայաստանն ու Արցախը խաղաղության ապահովման համար ունեն բավարար ուժ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Երևանում մեկնարկել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը։ Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել բացման խոսքով։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշտությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:

«Հայաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ  քաղարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում:

Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության հասնելու միջավայրի ձևավորմանը և չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի գոյության սպառնալիք: Խաղաղությունն այլընտրանք չունի, և Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար»,-ասել է Մնացականյանը:

ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի շրջանակը:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում մարդու իրավունքների անօտարելի իրավունքը ենթադրում են նաև ազատ կամարտահայտում: Սա ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացում, այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների գործուն մասնակցությունը բանակցային գործընթացում»,-ասել է ԱԳ նախարարը, ապա հավելել, որ եթե Ադրբեջանն այդքան հետաքրքրված է խնդրի խաղաղ կարգավորմամբ, ապա նույնքան հետաքրքրված պիտի լինի բանակցություններում Արցախի ընտյալ ներկայացուցիչների ներգրավմամբ: