ՀՊՏՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա ուսումնական գործընթացի մեկնարկի վրա. նախարար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա ուսումնական գործընթացի մեկնարկի վրա:

Դիտարկմանը, թե բուհում ուսանողները ստորագրահավաք են սկսել և դժգոհություն են հայտնում հնարավոր կրճատումներից, նախարարն իր գոհունակությունն է հայտնել, թե համալսարանական միջավայրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ազատ հայտնել և դրա համար հետապնդման չենթարկվել:

«Ինչ վերաբերում է մնացյալ գործընթացներին, ապա հնարավոր կլինի գնահատել միայն այն բանից հետո, երբ դադարեն համացանցում քննարկումների մաս լինել եւ կնյութականացվեն»,- ասել է նախարարը:

Ի պատասխան Հայաստանի պատմության ուսումնական ձեռնարկների հրապարակման մասին հարցին՝ Հարությունյանը պարզաբանել է, որ առաջին և երկրորդ հատորների վրա աշխատանքները շարունակվում են:

Հարցին՝ հնարավո՞ր է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվի ծրագրից, նախարարը հայտարարել է. «Չեմ ասել, որ այդ առարկան ծրագրից հանվելու է: Որտե՞ղ եք դա կարդացել: «Դեղին մամուլո՞ւմ»: Այս պահին առարկան մնում է ուսումնական ծրագրում»: