Մանկապարտեզի անվան տակ մեզ էշի տեղ են դնում․ լարված իրավիճակ Աբովյան 22ա շենքի բակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Բակը ծանրաբեռնված է տարբեր շինություններով, այստեղ մի շինություն էլ եթե լինի, ապրել հնարավոր չի լինի։  Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Երևանի Աբովյան 22 Ա հասցեի բնակիչները քաղաքապետարանի շինթույլտվության դեմ բողոքի ակցիայի ժամանակ:

Ցուցարարների հետ հանդիպման եկավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն, ով ասաց, որ շենքը պետք է լիներ 18 հարկ, բայց լինելու է 12-ը, պետք է լիներ 700 քմ-ի վրա, բայց լինելու է՝ 420 քմ մակարեսի վրա:

Վիկտոր Մնացականյանը նշեց, որ շենքի համար բոլոր նորմերը պահպանված են, իսկ կառուցապատողը թույլտվություն անցած ամիս է ստացել: «Կառուցապատողն իր վրա է վերցրել 4 բակերի բարեկարգումը։ Նախկինում, երբ հանդիպեցինք բնակիչների հետ, ասացինք, որ մանկապարտեզ է լինելու, բոլորը գոհ էին» , - ասաց  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

«Մանկապարտեզի անվան տակ մեզ էշի տեղ են դնում», -հայտարարեցին բնակիչները՝ նշելով, թե ոչ մի քաղաքաշինական նորմ պահպանված չէ ու իրենք դիմելու են դատարան։