Հովիկ Աբրահամյանի հողակտորները կվերադարձվեն Դիլիջան համայնքին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Հովիկ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ.- ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա մակերեսով հողակտորներ: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդhանուր 2913 քմ մակերեսով հողակտորի փաստացի սեփականատեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

«Ժողովուրդը» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացավ, որ այդ հողակտորները դեռևս Դիլիջան համայնքին չեն վերադարձվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: