ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կոչ է արել Թրամփին պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

«Ermenihaber»-ը գրում է, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաձողովի հայտարարությունը տարածվել է «Hurriyet Daily News»-ում «Սկսվել է S-400-ների մատակարարման երկրորդ փուլը» հոդվածի հրապարակումից հետո:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Նախագահ Թրամփ, ինչպես պահանջվում է ԱՄՆ օրենսդրությամբ, S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի համար դուք պետք է պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի դեմ: Թուրքիայի շահերը լավագույնս կարող են սպասարկվել ոչ թե Կրեմլի հետ համագործակցությամբ, այլ ԱՄՆ-ի»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարման երկրորդ փուլի մեկնարկի մասին և հավելել, որ առաջին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մյուրթեդի օդանավակայան:

Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մտադրությունից։ Ռուսաստանն ավարտել է S-400-ների մասերի առաջին խմբաքանակի մատակարարումը։ ԱՄՆ-ն էլ իր հերթին արդեն հասցրել է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ՝ կասեցնելով պաշտոնական Անկարայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։