Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Երեմ Սարգսյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Գագիկ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու` քննիչի որոշման դեմ այսօր բողոք է ներկայացվել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը նա ոչ իրավաչափ է համարում:

Ըստ փաստաբանի` ձերբակալումը կատարվում է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակով, մինչդեռ Գագիկ Խաչատրյանին վերագրվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակ՝ 2010, 2015, 2016 թվականներին, այդ կառույցում եղած ենթադրյալ անօրինական գործողություններին առնչվող կասկածանք:

Երեկ՝ օգոստոսի 27-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Երեմ Սարգսյանը նշել էր, որ ձերբակալման մասին որոշումը կայացվում է, երբ կա վտանգ, որ կասկածյալը կարող է թաքնվել նախաքննությունից։

«Գագիկ Խաչատրյանն իրավապահների կանչով կիսատ էր թողել իր բուժումը Գերմանիայում ու վերադարձել Հայաստան՝ տեղյակ լինելով իր նկատմամբ քրգործի մասին»,- ասել էր փաստաբանը, ապա հավելել, որ եթե մարդը փախուստի նպատակ ունենար, չէր ներկայանա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ի առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել ՊԵԿ նախկին նախագահին պատկանող տարածքներում: Քննչական գործողությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ձերբակալվել էին: Խաչատրյանները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: