Աննախադեպ է, երբ նման չափի հրդեհ է բռնկվում -15-ից -20 C սառնարանային պահեստում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հրդեհ

«Արմեն Ամիդ» ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի պահեստում հրդեհը 99 տոկոսով հրկիզման պատճառով էր բռնկվել: ԱԻՆ փորձաքննության արդյունքները դեռ չկան, սակայն նա նաև նկատել է, որ սա աննախադեպ դեպք է, երբ նման չափի հրդեհ է բռնկվում սառնարանային պահեստի տարածքում, որտեղ ջերմաստիճանը տատանվում է մինուս 15-20 աստիճանի շրջանում:

«Հնարավոր է՝ դա կապված է մսամթերքի շուկայում այն դերակատարման հետ, որ ունեն «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ում արտադրանքը պահող 12 ընկերությունները, գուցե դա կապված է բուն պահեստի գործունեության հետ, որը պահելու ավելի շահավետ պայմաններ է առաջարկում, քան մյուսները», - ասել է «Արմեն Ամիդ» ՍՊԸ տնօրենը, ապա հեվելել, որ դիմել են կառավարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել, որ պետությունն աջակցի իրենց:

«Խոսքն այն մասին է, որ իշխանությունը ԱԱՀ-ն և մաքսատուրքը որպես արտոնություն վերադարձնեն ապրանքների հետագա ներմուծման դեպքում: Միայն մեր ընկերությունը 900 տոննա ապրանքից կորցրել է 600 տոննան, իսկ միայն ԱԱՀ-ից եւ մաքսատուրքերից վնասը կազմել է 700-800 հազար դոլար: Եթե խոսելու լինենք բոլոր 12 ընկերությունների վնասի մասին, ապա այն կանցնի 30 մլն դոլարից: Այս ընկերություններն ամեն տարի բյուջե են վճարում 2 մլրդ դրամից ավելի»,-ասել է ձեռնարկատերը՝ հավելելով, որ իր ընկերությունն ապրանքը պահելու համար ամսական պահեստին վճարում էր 9 մլն դրամ, սակայն մի քանի ամիս առաջ սկսված սնանկության գործընթացի արդյունքում պահեստի ղեկավարությունը ի վիճակի չէ փոխհատուցում վճարել:

«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ն, որպես ապրանքների պահպանման պատասխանատու, բոլորիս անունից դիմել է իշխանություններին, եւ այժմ մենք սպասում ենք պետական մարմինների որոշմանը: Անձամբ ես կարող էի իմ բիզնեսն այլ երկրում շարունակել եւ տասն անգամ ավելի շատ շահույթ ստանալ, բայց ես դեռ չեմ ուզում դա անել։

Ըստ Արմեն Անդրեասյանի՝ շուկայից այդպիսի հսկայական քանակությամբ մսամթերքի թողարկումը կարող է հանգեցնել 25-30 տոկոսանոց դեֆիցիտի, եւ նրանք արդեն ստացել են մոտ 2000 զանգեր որպեսզի հասկանան, թե որ ապրանքների գները բարձրացնեն:

«Մենք ստիպված կլինենք կրճատել աշխատուժի թիվը: Մենք նաեւ դիմելու ենք Կենտրոնական բանկ, որպեսզի նա քայլեր ձեռնարկի վարկային պարտավորությունների վճարումները հետաձգելու համար»,- եզրափակեց ձեռնարկատերը: