Թբիլիսիի և Մոսկվայի միջև հնարավոր է վերականգնել երկխոսությունը․ Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է Թբիլիսիի և Մոսկվայի միջև երկխոսության վերականգնման հիմք դառնալ։
Նա նաև նշել է, որ միայն այդ դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից: 

 «Ռուսաստանի հետ որևէ շփում ունենալու, այն վերականգնելու համար մենք պետք է հստակ հասկանանք, որ փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանի դիրքորոշման մեջ այնպիսի փոքր հարևանի հանդեպ, ինչպիսին մենք ենք: Նաև ՌԴ-ն պետք է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքի վրա»,- ասել է Վրաստանի նախագահը և հավելել, որ երբ Թբիլիսին հստակ ազդակներ տեսնի այդ ուղղությամբ, ապագայում պատրաստ կլինի երկխոսության: