«Դոն Կիխոտ»-ի մոտ կրակոցներից վիրավորում ստացածին օրեր անց ստիպված տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

կրակ

Երևանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տուժածներից մեկին դեպքից օրեր անց տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ըստ նրա՝ տուժածը այս պահին գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում։

News.am-ի տարածած տեղեկության համաձայն՝ տուժածը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածք ստացած «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանի որդին՝ 24-ամյա Յուրի Վարդանյանն է։ Նա ոտքի վիրավորում է ստացել։ 

Իրավապահները երեկ՝ օգոստոսի 27–ին պարզել են, որ Յուրի Վարդանյանին հարազատները փորձել են տան պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ երիտասարդի վիճակը վատթարանում է, տեղափոխել են հիվանդանոց։  

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ 18:00-ի սահմանում, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանությունն ավարատվել էր փոխհրաձգությամբ: Հնչած կրակոցների հետևանքով մահացել է թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր, «Երրորդմասցի Սահակ» մականունով հայտնի Սահակ Վարդանյանը:

Դեպքի փաստով ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը):

Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին և միջնորդություն ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։ Եվս մեկ անձ՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1976 թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան և հայտարարվել հետախուզում: